
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը ներկայացրել է Աղքատության հաղթահարման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը: Այդ մասին Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այդ հիմնադրամը կծածկի ջրի և էլեկտրաէներգիայի ծախսերը անապահով ընտանիքների համար։ "Հայաստանում ոչ մի ընտանիք չի վճարելու էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց։ Այդ գումարները վճարվելու են Աղքատության հաղթահարման հիմնադրամի միջոցների հաշվին, որտեղ ներդնելու են մեր գործընկերներն ու սփյուռքի ներկայացուցիչները ։ Այս քայլով մենք վերջնականապես կհաղթահարենք աղքատությունը Հայաստանում։ Մարդիկ այլևս ստիպված չեն լինի իրենց վերջին գումարները տալ այդ ծառայությունների դիմաց", - հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամը։
Իր հերթին՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը նշել է, որ երաշխավորում է այդ ծրագրի, ինչպես նաև մնացած բոլոր տնտեսական ծրագրերի իրականացումը, որոնք իրենց քաղաքական ուժը ներկայացրել է այս ամիսներին: Բացի այդ, նա շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին այս ամիսներին ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր հունիսի 3-ին Հանրապետության հրապարակում միացել էին քաղաքական ուժի հանրահավաքին և պայքարում են գործող ղեկավարությանը իշխանությունից հեռացնելու համար: "Ես կոչ եմ անում մեր ժողովրդին․ տվեք մեզ ձեր ժամանակից 5 րոպե և եկեք ընտրատեղամասեր, իսկ մենք ձեզ բարեկեցիկ կյանք և ուժեղ Հայաստան ենք տալու։ Դուք արժանի եք փոփոխությունների", - ամփոփել է Սամվել Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստատեսության բանավեճի ժամանակ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ այսօր Հայաստանում 650 հազար մարդ ապրում է աղքատության մեջ: Նրա խոսքով ՝ այդ աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է նոր աշխատատեղեր ստեղծել ։ Բացի այդ, ըստ նրա, իրենց քաղաքական ուժը մտադիր է իշխանության գալու դեպքում նպաստ տրամադրել Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր այսօր ծայրահեղ աղքատության մեջ են: Նպաստները, ըստ նրա, կվճարվեն 150000 դրամի չափով։
Հավելենք, որ "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը հայտարարում էր, որ 2021 թվականին Հայաստանի աղքատ բնակչության ցուցանիշը կազմել է 27 տոկոս։ Մինչդեռ, իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական խոստումների համաձայն, այդ ցուցանիշը պետք է երկու անգամ նվազեր։ Մինչդեռ, նրա ասելով, ինչպես վկայում են վերջին պաշտոնական տվյալները, երկրում աղքատության մակարդակը կազմում է մոտ 22 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության վիճակում է գտնվում մոտ 30 հազար մարդ: