
Արմինֆո. Հունիսի 5-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Նորին սրբությանը ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող գիտակրթական ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։
Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ներկաներին՝ ցեղասպանագիտության ոլորտում իրականացվող գիտական, կրթական և հանրային իրազեկման աշխատանքների համար։
Վեհափառ հայրապետն անդրադարձել է Հայաստանում և Սփյուռքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ Եկեղեցու նախաձեռնություններին՝ ընդգծելով ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման կարևորությունը ժողովուրդների իրավունքների պաշտպանության ու մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման գործում։
Հանդիպմանը խոսվել է Արցախի հայաթափման, արցախահայության հիմնարար իրավունքների ոտնահարման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների մասին։ Ընդգծվել է, որ տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական ցեղասպան գործողություն է, ինչը վկայում է, որ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունն ու դրանց ոչ համարժեք դատապարտումը շարունակում են ծնել նոր ողբերգություններ։
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ցեղասպանագիտության ոլորտում կրթական նախաձեռնություններին հոգևորականների մասնագիտական ներգրավվածության մասին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Արցախի նկատմամբ, որը հանգեցրեց ԼՂՀ լիակատար հայաթափման։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի լիակատար էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական ։