


Արմինֆո. Հունգարիայի կառավարությունն այսօրվանից դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին: Այդ մասին հաղորդել է Հունգարիայի կառավարության մամուլի քարտուղար Վանդա Շոնդին։
Նրա խոսքով՝ այդ քայլը օտարերկրյա աշխատուժի ներհոսքը կարգավորելու քաղաքականության առաջին փուլն է։ Շոնդին հայտարարել է, որ Հունգարիա օտարերկրյա աշխատողների ներգրավման պատճառով նվազում են տեղի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև կրճատվում են նրանց աշխատանքի հնարավորությունները:
Ինչպես հայտնի է, Ֆիլիպինների, Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիները, որոնք արդեն աշխատում են Հունգարիայում, նախկինի պես կկարողանան դիմել թույլտվությունների երկարաձգման համար, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:
Ըստ Reuters-ի՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, օտարերկրյա աշխատողները կազմում են Հունգարիայի աշխատուժի միայն 2% - ը, սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունների ոլորտը եւ արդյունաբերական արտադրությունը, մեծապես կախված են օտարերկրյա աշխատուժից:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին այն բանից հետո, երբ 2012 թվականին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ադրբեջանին վերադարձրեց Ռամիլ Սաֆարովին՝ որպես ազգային "հերոս", ով կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Վերջինս ռազմական դասընթ էր անցնում Հունգարիայում։
10 տարի անց ՝ 2022 թվականի դեկտեմբերին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ 29-րդ նախարարական նիստի շրջանակներում հանդիպել էր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ, ինչի արդյունքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները ՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի հարգանքի վրա հիմնված հայ - հունգարական հարաբերություններում: 2023 թվականի մայիսին Հայաստանը Հունգարիայում ոչ ռեզիդենտ դեսպան է նշանակել Աշոտ Սմբատյանին։



