


Արմինֆո. 2026 թվականի հունիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վ.Ղ.-ն այլ անձանց հետ խմբի կազմում, 2025 թվականի ընթացքում ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով առերևույթ կատարել են ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակներով՝ ՀՀ իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցանքի մեջ ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, ինչպես նաև հանցագործության կատարման մեխանիզմները պարզելու և անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Ավելի վաղ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր կոռուպցիայի մեղադրանքով: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ Ղուկասյանը և յոթ այլ անձինք մեղադրվում են շորթման և կաշառք ստանալու մեջ, այդ թվում ՝ քաղաքում ապօրինի կառուցված շենքն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ (10 հազար դոլար) ստանալու մեջ: Ըստ քննության տվյալների՝ Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը, իբր, տեղի բնակչից գումար են պահանջել 1500 քառակուսի մետր ապօրինի կառույցը օրինական դարձնելու դիմաց ՝ խոստանալով կեղծել պաշտոնական փաստաթղթերը ՝ ցույց տալու համար, որ այն քանդվել և վերակառուցվել է։



