
Արմինֆո. Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով հեռավար ստորագրել է ավելի վաղ նախաստորագրված փաստաթուղթը։
Ինչպես պատմել է Միրզոյանը Հայաստանի ԱԳՆ-ի կողմից հեռարձակված ուղիղ եթերի ժամանակ, ինքն ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը: Նրա խոսքով՝ մինչ այդ այն ստորագրել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ապա փաստաթուղթն ուղարկելով Երեւան։
"Հիշում եք, օրեր առաջ՝ մայիսի 26-ին, այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ՝ նրա Երևան կատարած այցի շրջանակում։ Մարկո Ռուբիոն իր ստորագրությունները դրել է փաստաթղթի ներքո, այն բերվել է Երևան, և հիմա ես դրա տակ դրել եմ հայկական կողմի ստորագրությունները, դրանով իսկ փաստաթղթի հեռավար ստորագրումն ավարտված է, և այն պատրաստ է վավերացման", - հայտարարել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: Իսկ արդեն 2026թ․ հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։