
Արմինֆո. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Արուճ. Միջնադարյան հայկական մայրաքաղաքի վերահայտնագործումը. 2022-2025 թվականների հնագիտական արշավախմբերը» (Aruch. Rediscovering a Medieval Armenian Capital. Archaeological Campaigns 2022-2025) գրքի շնորհանդեսը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունը, գրքի հեղինակներն են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար, Արուճի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը և Միջերկրածովյան ու արևելյան հետազոտությունների իտալական ասոցիացիայի փոխնախագահ, Արուճի հնագիտական արշավախմբի ղեկավար և AICS գործակալության Արուճի նախագծի պատասխանատու Սերջիո Ֆերդինանդին։
Գրքում ներկայացված են Արուճի ամրոցում հայ-իտալական արշավախմբի կողմից իրականացված հնագիտական պեղումների արդյունքները, որոնց շնորհիվ հնագույն հուշարձանը վերաիմաստավորվում է որպես միջնադարյան Հայաստանի նշանակալի քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոն։
Արուճի մոնումենտալ համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում։ Աշխատանքը ցույց է տալիս, որ սկսած 7-րդ դարից Արուճը, համատեղելով կրոնական ու աշխարհիկ իշխանությունը և օժտված լինելով ամրությունների ու ենթակառուցվածքների զարգացած համակարգով, եղել է ոչ թե պարզապես բնակավայր կամ տարանցիկ կետ, այլ միջնադարյան կյանքի բազմաֆունկցիոնալ և աշխույժ կենտրոն։
Գրքի շնորհանդեսին մասնակցել են դիվանագիտական, գիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Պավել Ավետիսյանն ընդգծել է, որ աշխատանքը մեծ նշանակություն ունի ժամանակակից հնագիտության զարգացման տեսանկյունից։ «Աշխատանքը բաղկացած է երկու փոխկապակցված մասից։ Եթե առաջին մասը ներկայացնում է հնագիտական հետազոտությունների արդյունքները, ապա երկրորդը նվիրված է հուշարձանի պահպանության, վերականգնման և զբոսաշրջային ներուժի հարցերին։ Սա նոր մոտեցում է, երբ այս հարցերը փոխկապակցված են մեկ հրատարակության շրջանակներում։ Այս առումով աշխատանքը կարևոր գիտամեթոդական նորույթ է հնագիտության ոլորտում»,- ասել է Ավետիսյանը։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը նշել է, որ աշխատանքը բազմամյա համատեղ գիտական գործունեության և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունք է: «Սա փայլուն հրատարակություն է, որին մենք երկար ենք սպասել»,- ընդգծել է նա:
Իր հերթին Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերանտին կարևորել է հայ-իտալական համագործակցությունն այս ոլորտում. «Արուճը Հայաստանի ժառանգությունն է և միևնույն ժամանակ՝ համաշխարհային ժառանգություն: Մեր նպատակն է Արուճը դարձնել հայ-իտալական հարաբերությունների վառ օրինակ: Այս գեղեցիկ վայրը պետք է վերածվի նաև գրավիչ կենտրոնի, որը կստեղծի տնտեսական հնարավորություններ և կներգրավի զբոսաշրջիկների մեծ հոսք: Այս նպատակին հասնելու համար մենք բոլորս պետք է աշխատենք միասին՝ ունենալով հստակ նպատակներ և կիսելով մեր ջանքերն ու աշխատանքը»,- ասել է Ֆերանտին: