
Արմինֆո.Եվրամիության ղեկավարությունը ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու (ՌՈւԵ) դուրսմղմանը։ Որպես եվրոինտեգրման պարտադիր պայման՝ հայկական իշխանությունների առջև պահանջ է դրվում լիովին խզել Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԽ) մամուլի բյուրոյի հայտարարության մեջ։
«Այս տարվա ապրիլին հիմնադրված Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը, այս քաղաքական-գաղափարախոսական խնդրի լուծման շրջանակներում, չարամիտ հարձակում է ձեռնարկում ռուսական ուղղափառության դեմ։ Եվրոպացիները փորձում են զրկել ՌՈւԵ Երևանա-Հայաստանյան թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից, ինչպես նաև արգելափակել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ»,- ասված է հայտարարության մեջ։
ԱՀԽ-ում ընդգծել են, որ Եվրամիությունն ակնառու կերպով ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվում պայքարել Հայաստանում «հիբրիդային» սպառնալիքների դեմ՝ կոպիտ հարձակում իրականացնելով Գյումրի քաղաքում ՌԴ զինված ուժերի 102-րդ ռազմաբազային կից Միքայել Հրեշտակապետի տաճար-մատուռի վանահայր, ՌՈւԵ քահանա Տիմոֆեյ Կազարյանի նկատմամբ։
«Բրյուսելի կողմից սնվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները համեստ քահանային մեղադրել են ոչ ավել, ոչ պակաս՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ»,- այնուհետև նշվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՀԽ-ի ունեցած տվյալներով՝ այս պահին այսպես կոչված եվրոպացի գործընկերները կոմպրոմատներ են կեղծում ՌՈւԵ Երևանա-Հայաստանյան թեմի այլ ներկայացուցիչների նկատմամբ, որպեսզի դրդեն հայկական իշխանություններին լայնամասշտաբ հալածանքներ սկսել նրա դեմ։
«Այս կապակցությամբ կցանկանայինք եվրոչինովնիկներին հիշեցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր-կրոնական կապերն ավելի խորն են ու ամուր, քան ցանկացած քաղտեխնոլոգիական նախագիծ։ Դրանք շատ բան են վերապրել և, առավել ևս, կվերապրեն սեփական արմատները չհիշող եվրոպացիների հարձակումները, ովքեր վաղուց հրաժարվել են իրենց մշակութային-պատմական ինքնությունից»,- ամփոփել են Ռուսաստանի ԱՀԽ մամուլի բյուրոյում։
2026 թվականի ապրիլի 21-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշմանը։ Այն նախատեսված է լինելու երկու տարվա համար։ Ըստ տեղեկատվության՝ «առաքելությունը կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ՝ տրամադրելով ռազմավարական, գործնական խորհրդատվություն և աջակցություն նախարարություններին ու անվտանգության մարմիններին»։ Այս խորհրդատվությունները կենտրոնացած կլինեն քաղաքականության մշակման, տեղեկատվության արտաքին մանիպուլյացիաների, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի հայտնաբերման ու դրանց արձագանքման վրա։ Առաքելությունը նաև կգնահատի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանի անվտանգության կարողությունների զարգացման համար, որպեսզի երկիրը կարողանա ավելի արդյունավետորեն հայտնաբերել հիբրիդային սպառնալիքները և արձագանքել դրանց՝ ԵՄ մեթոդաբանություններին ու չափանիշներին համապատասխան։ Առաքելությունն ուղարկվել է ի պատասխան Հայաստանի իշխանությունների դիմումի։ Հավելենք, որ ավելի վաղ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալասը հայտարարել էր Հայաստանին 15 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ «ռուսական քարոզչությանը հակազդելու համար»։