


Արմինֆո.Հանրապետության օրվա առթիվ կայացած տոնական զինվորական շքերթի ընթացքում ներկայացվել են նաև հայրենական պաշտպանական արդյունաբերության կարևոր նմուշներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Շնորհակալություն հայտնելով հայկական ռազմարդյունաբերական համալիրի բոլոր ներկայացուցիչներին իրենց նորարարական մոտեցման, համառ աշխատանքի և գործին նվիրվածության համար՝ նա պատմել է մշակումներից մեկի մասին։
Նախարարը, իր հրապարակմանը կցելով համապատասխան լուսանկար, գրել է, որ դրանում պատկերված է «Davaro» ընկերության արտադրության «DEV-3» հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքը։
Նշենք, որ Հանրապետության հրապարակում շքերթը հրամանատարում էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը, շքերթն ընդունում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այն անցկացվում է առաջին անգամ վերջին 10 տարվա ընթացքում։ Շքերթում ներկայացված է Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Չինաստանի և մի շարք այլ պետությունների արտադրության տեխնիկա։



