
Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան առաջին հերթին նպատակ ուներ աջակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին մայիսի 27-ին Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ-ամերիկագետ, հրապարակախոս Մալեկ Դուդակովը։
Նույն համատեքստում փորձագետը կոչ է արել դիտարկել Ռուբիոյի հետ ստորագրված համաձայնագրերը, որոնք, նրա խոսքով, յուրօրինակ «օդի» վաճառք են։ Այսպես, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ըստ Դուդակովի, չի երաշխավորում ամերիկյան սպառազինության լայնածավալ մատակարարումներ Հայաստան։ Քանի որ, ինչպես պարզաբանել է փորձագետը, անհրաժեշտ է հասկանալ, որ մեծ քանակությամբ զենք փոխանցելու համար անհրաժեշտ է «թուղթ Կոնգրեսում»։ «Այսինքն՝ ԱՄՆ Կոնգրեսում դեռ պետք է համաձայնեցնեն այս կամ այն սպառազինության վաճառքը, հատկապես դա վերաբերում է զգայուն տեխնոլոգիաներին, օրինակ՝ կործանիչներին, գերճշգրիտ հրթիռներին, ՀՕՊ համակարգերին։ Եվ թեև հայկական իշխանության կողմից կան որոշակի թվով լոբբիստներ, որոնք Վաշինգտոնում փորձում են պաշտպանել Հայաստանի շահերը, սակայն պետք է հասկանալ, որ այնտեղ կան շրջանակներ, որոնք տրամադրված չեն երկրի հետ համագործակցությանը։ Առաջին հերթին դա թուրքական լոբբին է, որը կփորձի արգելափակել ցանկացած նման նախաձեռնություն։ Հետևաբար, սպառազինության որոշակի սահմանափակ մատակարարումներ հնարավոր են, բայց դա կարվի միայն ընտրությունների նախաշեմին Փաշինյանին աջակցություն ցուցաբերելու համար, ոչ ավելին։ Հաշվի առնելով ԱՄՆ սահմանափակ հնարավորությունները և արսենալների սպառումը Իրանի հետ հակամարտության ֆոնին՝ Հայաստանն այն երկիրը չէ, որը կկարողանա առաջնահերթ կարգով ստանալ այդ սպառազինությունը»,- պարզաբանել է քաղաքագետը։
Նույն համատեքստում Դուդակովը կոչ է արել դիտարկել նաև փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների փոխանցման շուրջ բանակցությունները: Այս կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ տեխնոլոգիաները պատշաճ կերպով յուրացված չեն առաջին հերթին հենց Միացյալ Նահանգների կողմից: «ԱՄՆ-ում մինչ օրս չկա ոչ մի կառուցված փոքր մոդուլային ռեակտոր՝ չհաշված մի քանի փորձնական մոդելներ: Այսինքն՝ նախ և առաջ նրանք պետք է գոնե ինչ-որ բան կառուցեն իրենց տարածքում, իսկ հետո միայն խոսեն այն մասին, որ պատրաստ են արտահանել այդ տեխնոլոգիաները: Մեծ հաշվով, սա նույնպես յուրօրինակ «օդի վաճառք» է՝ նպատակ ունենալով օգնել Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այսպիսով, ԱՄՆ-ը ցանկանում է ցույց տալ, որ պատրաստ է փոխարինել ռուսական ատոմային էներգետիկան և նախապես դիրքեր ամրագրել ամերիկյան ստարտափների համար խաղաղ ատոմի համաշխարհային շուկայում, որտեղ առաջատարները Ռուսաստանն ու Չինաստանն են»,- կարծում է քաղաքագետը:
Եվ թեև, փորձագետի կարծիքով, Ռուբիոյի այցը նախ և առաջ պետք է դիտարկել հենց երկրում սպասվող ընտրությունների համատեքստում, նա չի բացառել, որ նրա ժամանումը պայմանավորված էր նաև Իրանի հետ շարունակվող հակամարտությամբ։ Ինչպես պարզաբանել է փորձագետը, Հայաստանն այս իմաստով կարևոր է որպես Իրանի հետ սահմանակից երկիր։ «Ռուբիոն, որքան հասկանում եմ, մի մարդ է, ով փորձում է արագացնել բանակցային գործընթացը։ Իզուր չէ, որ նա երկար ժամանակ գտնվում էր Հնդկաստանում, հետո մեկնեց Հայաստան։ Նա այցելում է այն բոլոր երկրները, որոնց վրա Իրանի հետ առճակատումը վատ է անդրադառնում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Բայց ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ իրանական գործոնը թերևս երկրորդական դեր էր խաղում»,- կարծում է քաղաքագետը։
Դուդակովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուբիոն դարձավ ԱՄՆ առաջին պետքարտուղարը, ով բացահայտորեն հայտարարեց աշխարհի բազմաբևեռ դառնալու մասին։ Իսկ բազմաբևեռ աշխարհը, ինչպես նկատել է Դուդակովը, մի աշխարհ է, որտեղ ԱՄՆ-ը չունի գլոբալ գերիշխանություն: «Եվ նոր աշխարհի կառուցման պայմաններում ԱՄՆ-ը փորձում է խնդիրներ ստեղծել մյուս բևեռների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Չինաստանի համար, որպեսզի ամրապնդի իր դիրքերն այս նոր աշխարհակարգում: Իրանի հետ առճակատումն այս համատեքստում հարված է նաև «Հյուսիս-Հարավ» լոգիստիկ երթուղուն։ Այսինքն՝ սա բազմաբևեռ աշխարհին հարվածելու փորձ է։ Ինչպես տեսնում ենք, առայժմ այդ փորձը ձախողվում է։ Ուստի հիմա նրանց ողջ աշխատանքն ուղղված է նաև Անդրկովկասում Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության ուժեղացման զսպմանը։ Եվ այս իմաստով Ռուբիոյի այցը Հայաստան կարելի է դիտարկել նաև այս համատեքստում»,- եզրափակել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ռուբիոն Երևան է այցելել մայիսի 26-ին կարճատև այցով, որը տևել է մոտ մեկ ժամ։ Այցի շրջանակներում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը, Ռազմավարական գործընկերության խարտիան և Կրիտիկական կարևորության օգտակար հանածոների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Շատ փորձագետներ ամերիկյան կողմի այս քայլը որակել են որպես նախընտրական ակցիա՝ ուղղված հունիսյան խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի իշխանությանն աջակցելուն։