
Արմինֆո. "Դուք ճանապարհ եք հարթում դեպի Հայաստանի ավելի լուսավոր, ավելի անկախ ապագա, եւ ԱՄՆ-ն ուրախ է իր աջակցությունը հայտնել այդ տեսլականին, այդ համարձակությանը, ձեր նվիրվածությանը եւ պատրաստությանը հանուն ձեր երկրի ապագայի", - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Երեւանի Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում:
"Ինձ համար շատ հաճելի է այսօր այստեղ լինել, որպեսզի շարունակեմ առաջ տանել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի տեսլականը՝ Հարավային Կովկասում խաղաղություն տանող այս համարձակ ճանապարհը, որն ամրագրվել է անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում:
Ինձ համար մեծ պատիվ է այսօր արտգործնախարարի հետ նախաստորագրել մեր երկկողմ համաձայնագիրը TRIPP նախագծի վերաբերյալ։ Այս համաձայնագիրը պատմական այդ ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ ամենամեծ քայլերից մեկն է։ Եվ սա է խաղաղության և բարգավաճման ճանապարհը Հայաստանում և տարածաշրջանում", - ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ հայ-ամերիկյան համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP նախագծով, Երեւանն ու Վաշինգտոնը շարունակում են զարգացնել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այս վարչակազմի համար առաջնային խնդիր է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ոչ միայն TRIPP-ի շրջանակներում, այլև մնացած բոլոր ոլորտներում:
"Մենք նաև ստորագրել ենք համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը սահմանում է մեր երկկողմ հարաբերությունների շրջանակը և նախանշում է նոր ուղի, որից կշահեն ինչպես հայերը, այնպես էլ ամերիկացիները։ Պարզ ասած՝ մենք իրականացնում ենք այն հիմնարար աշխատանքները, որոնք հիմք կծառայեն, որպեսզի հայերն ու ամերիկացիները կարողանան երկարաժամկետ բազա ունենալ համատեղ աշխատանքի համար։ Մենք նաև հարգում ենք ինքնիշխանությունը, և այդպես են լավագույնս աշխատում երկկողմ հարաբերությունները. երկու երկրներն էլ պետք է առավելություններ տեսնեն իրենց հարաբերություններում: Եւ մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ մենք կիսում ենք մեր ապագայի տեսլականը, եւ կարող ենք միմյանց օգնել միասին հասնելու այդ ավելի լավ ապագայի:
Բացի այդ, փոխըմբռնման հուշագիր կարեւորագույն հումքային ռեսուրսների վեերաբերյալ․ սա եւս մեկ քայլ է ' ուղղված աճող փոխադարձ բարեկեցության։ Ինչ վերաբերում է կարևորագույն հանքանյութերին և հազվագյուտ հանածոներին, մենք շատ ենք խոսում տեխնոլոգիաների, նորարարությունների մասին․ 21-րդ դարում դա անհրաժեշտ գործոն է։ Եվ դրանց մշակումը, վերամշակումը և արդյունահանումը կարևոր են ապագա բարեկեցության համար", - հավելել է Ռուբիոն:
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք կկարողանան դա անել, կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել եւ 21-րդ դարում հայտնվել նորարարությունների կենտրոնում։ "Իսկ նրանք, ովքեր հետ են մնում, դրանից կտուժեն։ Եվ մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի մեր երկու երկրները, մեր երկու տնտեսությունները հուսալի հասանելիություն ունենան կարևորագույն օգտակար հանածոներին։ Եվ դա օգտակար կլինի ոչ միայն ֆինանսապես, այլ նաև կնպաստի նորարարության ցիկլի ապահովմանը, ինչը կարևորագույն գործոն է 21-րդ դարի համար։
Եվ դուք, վարչապետ, ամբողջ հայկական թիմը ՝ դուք ճանապարհ եք հարթում դեպի Հայաստանի ավելի լուսավոր, ավելի անկախ ապագա։ Եվ մենք ուրախ ենք մեր զորակցությունը հայտնել այդ տեսլականին, այդ համարձակությանը, ձեր նվիրվածությանը և պատրաստակամությանը՝ հանուն ձեր երկրի ապագայի: Մենք ուրախ ենք և հպարտ, որ այս ամենի մի մասնիկն ենք և պատրաստ ենք միասին անել ավելին", - եզրափակել է Ռուբիոն, ով Երվեանում բանակցություններից հետո մեկնել է մայրաքաղաքից՝ այստեղ մնալով մոտ մեկ ժամ: