
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` ի դեմս Ժաննա Անդրեասյանի և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ որպես կարևոր և խորհրդանշական քայլ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության և զարգացման ուղղությամբ։ Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Համաձայն հուշագրի՝ բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույք, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, նախաձեռնությունը բացառիկ նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ձևավորելու հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին նվիրված նոր մշակութային կենտրոն: Այն կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև որպես կրթամշակութային կարևոր հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանին՝ ազգային մշակութային ժառանգության պահպանության և զարգացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար. «Անգնահատելի է Ձեր հայրենանվեր այս նախաձեռնությունը: Այն կարևոր քայլ է հայկական գորգարվեստի պահպանության, հանրահռչակման և ապագա սերունդներին փոխանցելու, ինչպես նաև ստեղծագործական նոր միջավայր ձևավորելու տեսանկյունից: Նախաձեռնությունը կարող է դառնալ մշակութային նոր կարևոր կենտրոնի ձևավորման հիմք՝ խթանելով նաև զբոսաշրջային և կրթական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»։ Նախարարն ընդգծել է, որ գորգի թանգարանի ստեղծումը ամրագրված է նաև ՀՀ մշակույթի պահպանման և զարգացման ռազմավարությամբ:
Բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ ընդգծելով. «Ես շատ խանդավառ եմ այս համագործակցությամբ, որի մասին միշտ մտածել եմ: Վստահ եմ՝ միասնաբար կհաջողենք: Սա նաև կարևոր օրինակ է՝ զարգացնելու Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք հարաբերությունները համատեղ այլ նախաձեռնություններով ևս։ Գորգարվեստը հայկական մշակույթի ինքնատիպ և կարևոր բաղադրիչներից է, որն արտացոլում է ժողովրդի պատմությունը, ավանդույթներն ու գեղարվեստական մտածողությունը»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կապահովի թանգարանի մասնագիտական և կազմակերպչական կայացումը՝ ներգրավելով անհրաժեշտ մասնագիտական ներուժ, ապահովելով հավաքածուների պատշաճ պահպանումը և թանգարանի արդյունավետ գործունեությունը։
Նոր թանգարանի ստեղծումը կնպաստի գորգարվետի հարուստ ժառանգության պահպանությանը, ուսումնասիրմանը և հանրահռչակմանը՝ ապահովելով դրա փոխանցումը հաջորդ սերունդներին։