


Արմինֆո.«Ցավոք, այս օրերին իշխանությունները կրկին փորձում են նախընտրական քարոզարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի։ Նրանք, ովքեր բարձրաձայն խոսում են ժողովրդավարության մասին, այսօր չեն հանդուրժում այլախոհությունը, իսկ ընդդիմության ցանկացած քննադատություն դիմավորում են ագրեսիայով ու ճնշումներով»,- Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ այլևս չեն ցանկանում ապրել ատելության և թշնամանքի մթնոլորտում։ Ոչ մի ապօրինի ձերբակալություն կամ քաղաքական հալածանք չի կարող լռեցնել ժողովրդի ձայնը։ «Կոչ եմ անում չհուսահատվել և չկորցնել հավատը։ Շատ շուտով մենք միասին նոր ուղի ենք սկսելու՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա հանդեպ։ Մեր նպատակն է հայ մարդու արժանապատվության, պետության հանդեպ վստահության և ազգային միասնության վերականգնումը»,- նշել է նա։
Գագիկ Ծառուկյանը պահանջել է ապացույցներ ներկայացնել կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարի՝ Անդրանիկ Թևանյանի հասցեին հնչած լրտեսության մեղադրանքների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ Թևանյանի մասին ասված ամեն ինչ զրպարտություն է, իսկ նա ինքը պարկեշտ, խիզախ մարդ է և հայրենասեր։ «Անդրանիկ Թևանյանն իմ ընկերն ու գործընկերն է։ Մենք ողջ թիմով նրա թիկունքին ենք։ Թող ապացուցեն, որ նա լրտես է։ Եթե ոչ, ապա մենք պատասխանատվության կկանչենք այդ զրպարտության համար։ Եթե կարողանան ապացուցել, ապա ես իմ ձեռքով կգնդակահարեմ իմ ընկերոջը, իսկ եթե ոչ՝ թող զրպարտիչները մտնեն իմ առյուծի վանդակը»,- ասել է գործարարը։



