
Արմինֆո."Բոլորին դեմ եմ" կուսակցության 50 թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել, սպասվում է քաղաքական ուժի եւս 12 անդամների ինքնաբացարկը: Այդ մասին ասվում է "Բոլորին դեմ եմ" կուսակցության հաղորդագրությունում։
«Սիրելի քաղաքացիներ։ Ինչպես գիտեք մենք հայտարարել էինք, որ մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած երեք փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները։
Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։ ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում։ Գնացեք ընտրության, քվեարկեք բոլորին դեմ», - նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին ։ Ընտրություններին մասնակցելու է 19 քաղաքական ուժ։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 29-ին "Բոլորին դեմ եմ" շարժումը ներկայացրել էր Հայաստանում քաղաքական դաշտի վերափոխման հայեցակարգ ։ Ինչպես պատմել էր շարժման նախաձեռնողներից՝ Արամ Քոչարյանը, իրենց նպատակն է ստեղծել, այսպես կոչված, "ինքնալուծարվող կուսակցություն" ։ Այնուհետև նա ընդգծել էր, որ իրենք մտադիր են հաղթել 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում և պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացնել երեք առանցքային օրենսդրական փոփոխություն․ կայուն քաղաքական մեծամասնության վերացում, ընտրական շեմը 4 տոկոսից իջեցնել 1 տոկոսի և քվեաթերթիկում "բոլորին դեմ" սյունակի մուտքագրում, ինչը թույլ կտա քաղաքացիներին արտահայտել իրենց դժգոհությունը ստեղծված քաղաքական իրավիճակից ։