
Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը:
«Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը): Կատարվում է նախաքննություն», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Նարեկ Կարապետյանը հերքել էր իր երկքաղաքացիության առկայությունը: «Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չեմ, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չունեմ և չեմ ունեցել», - իր տեսաուղերձում հայտարարել էր նա՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումը, մասնավորապես, քաղվածքը ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից, որտեղ Ն.Կ.-ը նշված է որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:
Կարապետյանը նշել էր, որ Ռուսաստանում շատ ավելի քիչ ժամանակ է ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում: "Այդ պատճառով, Ալեն Ռոբերտովիչ, նման բաներ մի արեք", - ասել էր Կարապետյանը՝ դիմելով Սիմոնյանին։
Նշենք, որ ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետռեեստրի քաղվածքում, որի ճշմարտացիությունը պաշտոնապես չի հաստատվել, տվյալներ են մուտքագրվել 2020 թվականի օգոստոսի դրությամբ, եւ ասվում է, որ ՌԴ քաղաքացի Նարեկ Կարենի Կարապետյանը "Մոսպռոմէկսպլուատացիա"-ի բաժնետոմսերի 2,5 տոկոսի սեփականատերն է: