


Արմինֆո.«Ռենովաբիս» Գերմանիայի կաթոլիկների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ժողովուրդների հետ համերաշխության կազմակերպության նախաձեռնությամբ, Բեռլինում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունում՝ Եվրոպայի տանը, տեղի է ունեցել «Armenien. Zwischen Ankommen und Aufbruch» (Հայաստան․ ժամանման և նոր սկզբի միջև) խորագրով պանելային քննարկում, որին մասնակցել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Ինչպես դեսպանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում, միջոցառմանը Հայաստանից մասնակցում էր նաև աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը, բացման խոսքով հանդես է եկել Գերմանիայի Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Բերնդ Հյութեմանը։ Պանելային քննարկումը վարել է Բեռլինում «Ռենովաբիս»-ի ներկայացուցչության ղեկավար Ռենատե Կրեկելեր-Կոխը։
Քննարկվել են Ղարաբաղից տեղահանված հայերի Հայաստանում ինտեգրման, Հայաստանի եվրոպական հեռանկարի, հասարակության դիմադրողականության բարձրացման և տարածաշրջանային խաղաղության թեմաները։
Դեսպան Ենգիբարյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանված հայերին ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը և ինտեգրման գործընթացը, շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը և Գերմանիային աջակցության համար և կոչ արել մեկտեղել և ավելացնել ջանքերը՝ Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր հայերին աջակցելու ուղղությամբ։
Դեսպանը գոհունակությամբ արձանագրել է տարածաշրջանում հաստատված խաղաղությունը, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գործընթացը։ Միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, լրագրողներ, հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ։



