


Արմինֆո. Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է համայն Վրաստանին և եղբայրական վրաց ժողովրդին պատմական օրվա` Ն.Ս. Շիո Երրորդի` Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարքի ընտրության, օծման և գահակալության առիթով։ Այդ մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունում։
«Մեծագույն սիրով իմ բարեմաղթանքներն եմ հղում Շիո Երրորդին, ում հետ ջերմ հանդիպումների պատիվ եմ ունեցել։ Եվ կարծում եմ, պատահական չէ, որ նրա օծման օրը, այսօր, Վրաց եկեղեցին նշում քրիստոնեական լույսի և սիրո տոնը։
Նորին Սրբությանը մաղթում եմ երկար, խաղաղ ու առողջ տարիներ` աստվածահաճո ծառայության մեջ, որոնք համոզված եմ շարունակությունն են լինելու Վրաց եկեղեցու հոգևոր հայրերի սերմանած քրիստոնյա բարքերի և, առավել են հզորացնելու վրաց ժողովուրդն ու Մայր եկեղեցին», - նշել է Հայաստանի դեսպանը։
Վրաց Ուղղափառ Եկեղեցու ընդլայնված ժողովը մայիսի 11-ին Շիոյին ընտրել է Վրաստանի նոր ՝ 142 - րդ կաթողիկոս-պատրիարք: Քվեարկության արդյունքներով պատրիարքական աթոռի տեղապահ, Սենակի և Չխորոցկուսի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի) ստացել է 22 ձայն: Համայն Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարք Շիո Մուջիրիի ՝ Շիո 3 - րդի գահակալումը տեղի է ունեցել Մցխեթի Սվետիցխովելի տաճարում՝ մայիսի 12 - ին:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը՝ Էլիզբար Թեյմուրազի Մուջիրի աշխարհիկ անունով, ծնվել է 1969 թվականի փետրվարի 1-ին Թբիլիսիում: 1991 թվին նա որպես նորեկ ընդունվեց Շիոմգվիմե վանք: 1997 թվականին Շիոն նշանակվել է Թբիլիսիի Կլդիսուբանի շրջանի Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայր ։ 2010թ. օգոստոսի 2-ին նշանակվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի խորեպիսկոպոս: 2017 թվականի նոյեմբերի 23-ին Տեր Շիոն նշանակվել է Պատրիարքական աթոռի տեղապահ, իսկ 2018 թվականի հունիսի 21-ին Սուրբ Սինոդի նիստում պարգևատրվել է ադամանդե խաչ կրելու իրավունքով ։



