
Արմինֆո. Ընտրական իրավունքից զրկված արցախցիներին Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցությունից կաշառք ստանալու կասկածանքով հարցաքննության են կանչել ՀՀ քննչական կոմիտե (ՔԿ): Այդ մասին Facebook-ի ուղիղ եթերում հաղորդել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ ժամանակին "Մեր ձեւով" շարժման գրասենյակի անդամներն օգնել են արցախցիներին ՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելով ՀՀ քաղաքացիություն ընդունելու հարցում: "Գրասենյակն ուներ աշխատողներ և, համապատասխանաբար, դրա համար նրանք աշխատավարձ էին ստանում։ Եվ աշխատողների թվում կային նաեւ արցախցիներ", - պարզաբանել է փաստաբանը։
Նրա խոսքով ՝ նրանք հրավիրվել են քննիչի մոտ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու առնչությամբ: Փաստաբանը հիշեցրել է, որ դրանք կաշառք տալու հետ կապված հանցագործություններ են ։ "Քննիչը հարցաքննության կանչված արցախցիներից հետաքրքրվել է, թե որպես ինչ են ստացել այդ գումարները՝ որպես աշխատավարձ, թե խորհրդարանական ընտրություններում "Ուժեղ Հայաստան" կուսակցության օգտին քվեարկելու խոստման դիմաց։ Խոսքը մարդկանց մասին է, ովքեր աշխատել են "Մեր ձեւով" շարժման գրասենյակում՝ մինչև բարեգործության արգելքի սահմանումը և մինչև "Ուժեղ Հայաստան" կուսակցության ստեղծումը", - ուշադրություն է հրավիրել Երիցյանը։
Այսինքն, ինչպես ընդգծել է փաստաբանը, իրենք իրենց աշխատավարձն ստացել են օրինական գործունեության համար, որն, ի դեպ, խրախուսվում է Հայաստանի իշխանությունների կողմից։ Չէ որ, ինչպես հիշեցրել է Երիցյանը, հենց Հայաստանի իշխանություններն են արցախցիներին կոչ անում ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ "Ընդ որում, նշված անձինք ՀՀ քաղաքացիություն չեն ունեցել և մինչ օրս չունեն, հետևաբար, նրանք չեն կարող իրենց ձայնը տալ ինչ-որ անձի կամ կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններում ։ Տեղի ունեցողը, պարզապես, անտրամաբանական է։ Ըստ էության, կաշառք ստանալու կասկածանքով հարցաքննության են կանչել մարդկանց, ովքեր ընտրելու իրավունք չունեն, անգամ՝ պասիվ", - տարակուսանք է հայտնել փաստաբանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հաղորդել էին, որ արցախցի լեգենդար հետախույզ, "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանակիր, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանն (Կանդազ) ու ևս մի քանի անձ ձերբակալվել են ընտրակաշառքի գործի շրջանակներում: Ըստ հրապարակված հաղորդագրության ՝ գործը հարուցվել է Ավանեսյանին գաղտնալսման հիման վրա։ Ապրիլի 28-ին փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդել էր, որ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով: Նույն գործի շրջանակներում, ինչպես ավելի ուշ հայտնել էր փաստաբանը, Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով տնային կալանքի է ենթարկել արցախցի Գեղամ Զաքարյանին, ում ընտանիքում չորս անդամներ զրկված են քվեարկելու իրավունքից, իբր, "Ուժեղ Հայաստան" կուսակցությունից ընտրակաշառք ստանալու համար։