
Արմինֆո.Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Կովկասի մուսուլմանների վարչության վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի բռնապետական ռեժիմի բարբարոսություններն արդարացնող՝ կրոնական քողի տակ թաքնված խայտառակ և էժանագին սպասարկություն։ Այդ մասին ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի տարածած հայտարարությունում։
«Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը և այն «ապօրինի շինություն» անվանելու լկտիությունը բացահայտ ցինիզմի գագաթնակետն է։ Աստծո տունը, կրոնական սրբավայրը պղծողն ու հողին հավասարեցնողը ոչ թե իրավունք է հաստատում, այլ ստորագրում է սեփական վայրենի, ահաբեկիչ էության տակ։ Սա մշակութային եղեռնագործություն է՝ նպատակաուղղված Արցախից հայկական շունչն ու արմատը իսպառ վերացնելուն։
Անբարոյականության հասնող կեղծավորություն է, երբ հայկական եկեղեցիներ քանդողին ու խաչքարեր պղծողին արդարացնողները հանդգնում են Հայոց Եկեղեցուն մեղադրել «խաղաղությանը խոչընդոտելու» մեջ։ Լսե՛ք և լավ հիշե՛ք. էթնիկ զտումների, ավերված վանքերի, սրբապղծության և բռնի տեղահանված արցախահայության արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք։ Արժանապատվության ոտնահարմամբ և հիշողության ջնջմամբ պարտադրվողը խաղաղություն չէ, դա հանձնվողականության ու նվաստացման ակտ է, որը մենք երբե՛ք չենք ընդունելու։
Երբ որևէ հոգևոր կառույց արդարացնում է վանդալիզմը, այն դադարում է կրոնական լինելուց և վերածվում է ոճրագործի հանցակցի։ Բայց ոչ պակաս հանցակից է նաև միջազգային հանրությունը։ Ձեր կույր և խուլ լռությունը, ձեր ստանդարտացված ու անկարող «մտահոգությունները» Բաքվին տալիս են անպատժելիության անսահմանափակ լիցենզիա։
Մենք խստագույնս պահանջում ենք վերջ տալ միջազգային դիվանագիտական կեղծավորությանը: Իրավապաշտպան, կրոնական և մշակութային կառույցները (այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն) կա՛մ դուրս են գալիս վախկոտ դիտորդի կարգավիճակից և կոշտ պատժամիջոցներ պահանջում Ադրբեջանի դեմ, կա՛մ հավասարապես կիսում են այս մշակութային ցեղասպանության մեղքը։ Անհրաժեշտ է անհապաղ գործուղել անկախ միջազգային առաքելություն՝ Արցախ, մշտադիտարկելու խայտառակ ավերածություններն ու պատասխանատվության ենթարկելու այս բարբարոսության հեղինակներին ու կատարողներին։
Բարբարոսի բուլդոզերն ու պատվերով գրված վարչական հայտարարությունները չեն կարող ջնջել հայկական պատմությունը։ Արցախի եկեղեցիների քարերը նույնիսկ ավերված վիճակում ավելի զորեղ են, քան ձեր ողջ պետական քարոզչամեքենան», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հողին է հավասարեցրել Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օրեր առաջ հայտնի էր դարձել նաև թշնամու կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին։ Արցախում մշակութային ցեղասպանությունը տեղի է ունենում, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ֆոնին։ Օր օրի ադրբեջանական օկուպանտները ոչնչացնում են այն օբյեկտները, որոնք վկայում են այդ հողում հայերի հազարամյա ներկայության մասին։
Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանն ամբողջությամբ ավերել կամ զգալի վնաս է հասցրել հետևյալ մշակութային - կրոնական օբյեկտներին․ ամբողջությամբ ավերվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (Սուրբ Հովհաննես Մկրտիչ)՝ 2024 թվականի ապրիլին, Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է, Քարինտակ գյուղն ամբողջությամբ
քանդվել է բուլդոզերներով, ապամոնտաժվել են Ստեփանակերտի հուշարձաններն ու կիսանդրիները, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Հովհաննես Թումանյանի և մարշալ Բաղրամյանի հուշարձանները։ Մեծ Թաղեր գյուղում ավերվել է Մարշալ Խուդյակովի թանգարանը։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում շուրջ 4000 հայկական մշակութային օբյեկտներ, այդ թվում ՝ ավելի քան 370 եկեղեցի և 119 հնագույն ամրոց։