
Արմինֆո. Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ապրիլի 16-ին միաձայնությամբ ընդունված համապարփակ բանաձևը։
Ինչպես ասվում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունում, այդ քվեարկությունը կարևոր հանգրվան է Բելգիայի և Հայաստանի միջև մերձեցման ամրապնդման գործում՝ միաժամանակ աջակցություն արտահայտելով Հայաստանի շարունակական ինտեգրմանը Եվրոպական միությանը։
Պատգամավոր Միշել Դը Մագդի կողմից ներկայացված բանաձևը, որը նախապես միաձայն ընդունվել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ի թիվս այլնի կոչ է անում ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացումը՝ միջազգային անվտանգության երաշխիքների առկայությամբ։ Ըստ բանաձևի՝ անվտանգ վերադարձը հնարավոր չէ առանց միջազգային գործուն մեխանիզմի։ Բանաձևով նաև պահանջվում է Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ դրանք վերադարձնելով 2021թ․ մայիսի 12-ի դրությամբ զբաղեցրած դիրքերին։ Բացի այդ, բանաձևը անդրադառնում է Բաքվում ներկայումս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ճակատագրին, ներառյալ Արցախի քաղաքական ղեկավարությանը, որոնց կալանքը շարունակում է մնալ լուրջ մարդասիրական խնդիր։
Արձագանքելով բանաձևի ընդունմանը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․ «Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ևս մեկ անգամ հստակ և սկզբունքային դիրքորոշում է որդեգրել։ Հայաստանի և Բելգիայի միջև կապերի խորացումը դրական քայլ է ապագայի համար, այնուամենայնիվ այն պետք է հիմնված լինի նաև հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության վրա։ Այժմ մենք Բելգիայի կառավարությունից ակնկալում ենք ապահովել, որ այս պահանջները վերածվեն կոնկրետ դիվանագիտական գործողությունների»։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Բելգիայի կառավարությանը և Եվրոպական միությանը կոչ է անում օգտագործել այս բանաձևը որպես հիմք՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։