


Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Նորվեգիա կատարած այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում նորվեգացի գործընկերների հետ քննարկել է 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) երկրի նախապատրաստման գործընթացը։
Ինչպես հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում կողմերը քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, կենսաբազմազանության և կլիմայական քաղաքականության ոլորտներում երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները: Քննարկվել են կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, կենսաբազմազանության կառավարման, կլիմայական դիվանագիտության մեխանիզմները, ինչպես նաև ոլորտային ֆինանսավորման հնարավորությունները:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Նորվեգիայի կառավարությունը 32 000 000 նորվեգական կրոն (մոտ 2 769 000 եվրո) կամավոր մուծում է կատարել՝ ի աջակցություն Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի։ 2025 թվականի սեպտեմբերին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորք կատարած այցի շրջանակներում Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր: Փաստաթղթով Հայաստանը և Նորվեգիան հիմք են դրել գործնական ծրագրերի իրականացման և պետությունների միջև գործընկերային հարաբերությունների խորացման համար: Իսկ 2026 թվականի ապրիլի 13-ին Հայաստանը և Նորվեգիան քննարկել են համագործակցության հնարավորությունները Փարիզի համաձայնագրի 6.2-րդ հոդվածի շրջանակներում, որը կարգավորում է համագործակցությունը ածխածնի միջազգային շուկաների շրջանակներում ։



