
Արմինֆո. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո երկամսյա կալանքի տակ գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են բանտ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Մինասյանին բանտ են տեղափոխել ապրիլի 13-ի ուշ երեկոյան։ Միևնույն ժամանակ, փաստաբանը պատմել է, որ իրենք դեռ չգիտեն, թե իրենց պաշտպանյալին որ բանտ են տեղափոխել: Նա միայն հաղորդել է, որ դպրոցականին հիվանդանոցից տարել են հաշմանդամի սայլակով, և նրա վիճակը դեռևս համատեղելի չէ կալանքի տակ պահելու հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դպրոցականի մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ վարչապետի թիկնազորի աշխատակցի կողմից դպրոցականին հասցված ուժեղ հարվածի հետեւանքով։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ՀՀ դատարանը 18-ամյա Դավիթ Մինասյանի նախնական կալանքը երկու ամսով երկարաձգել է։ Քննիչները նրան մեղադրանք են առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և ՀՀ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական պաշտոնեական կամ քաղաքական գործունեությանը խոչընդոտելը), որը նախատեսում է երկուսից հինգ տարի ազատազրկում: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում՝ Ծաղկազարդի օրը, պատարագի ժամանակ, երբ Փաշինյանը, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, շարժվում էր դեպի ելքը: Այդ պահին Մինասյանը ձեռքով կտրուկ շարժում է կատարել դեպի վարչապետը, սակայն նրա ձեռքը հետ են քաշել թիկնապահները: Նույն օրը համացանցում շրջանառվող տեսանյութերում երևում է, թե ինչպես անվտանգության ծառայության աշխատակիցը ուժեղ հարված է հասցնում Դավիթ Մինասյանի դեմքին, ինչի հետևանքով պատանին վայր է ընկնում, և վեր կենալուց հետո երկար ժամանակ ուշքի չի գալիս:
Հատկանշական է, որ Քննչական կոմիտեն գործ է հարուցել Քրեական օրենսգրքի «պաշտոնատար անձի օրինական պաշտոնեական կամ քաղաքական գործունեությանը խոչընդոտելը» հոդվածով, չնայած վարչապետ Փաշինյանն՝ ինքը, բազմիցս հայտարարել է, որ կիրակնօրյա պատարագներին մասնակցում է բացառապես որպես Հայ Առաքելական Եկեղեցու շարքային հետեւորդ։