
Արմինֆո.Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի անգործությունն ու անպատասխանատվությունը շարունակում են ֆինանսապես հարվածել երևանցիների գրպանին: Ապրիլի 12-ի երեկոյան մայրաքաղաքում տեղացած անձրևը Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը կրկին վերածել էր անանցանելի ցեխաջրի լճի:
Բանը հասել էր նրան, որ քաղաքացիներն ստիպված էին եղել փրկարարներ կանչել ՝ նոր գոյացած լճում արգելափակված իրենց մեքենաները ջրի գերությունից դուրս բերելու համար ։
ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, ապրիլի 12-ին, ժամը 23։40-ից սկսած ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն անձրևաջրերից դուրս են բերել տրանսպորտային միջոցները», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ընդ որում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում, միտումնավոր թե պատահաբար, չեն նշել, թե քանի ավտոմեքենա է դուրս բերվել այդ ցեխաջրի լճից։
Սակայն, դատելով սոցիալական ցանցերում քաղաքացիների հրապարակած տեսանյութերից, մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ ջրի մեջ են մնացել միայն Գյուրջյան փողոցում։
Հատկանշական է, որ թեև քաղաքացիներն արդեն առնվազն երրորդ տարին է բարձրաձայնում են Գյուրջյան փողոցում ջրի կուտակման խնդիրը, այդ հատվածում ճանապարհի խիտ անգրագետ նախագծման պատճառով՝ առանց անհրաժեշտ կոյուղագծերի անցկացման, Երևանի քաղաքապետարանում մատը մատին չեն խփել ստեղծված անմխիթար իրավիճակը լուծելու համար, որը լրջորեն հարվածում է քաղաքացիների գրպանին ՝ այդ ճանապարհահատվածը վերածելով քաղաքի յուրաքանչյուր անձրևի ժամանակ անանցանելի ծանծաղուտի ։