
Արմինֆո. Բաքվում հայ գերիների նկատմամբ «դատաստանների» ողջ նպատակն Արցախի ապալեգիտիմացումն է՝ որպես քաղաքական միավոր, և այն հայերին հրապարակայնորեն պատժելը, ովքեր գործունեություն են ծավալել ի շահ Արցախի։ Այս մասին հունվարի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա նշել է, որ 2025 թվականի ընթացքում տեղի են ունեցել ավելի քան 150 "դատական գործընթացներ", որոնց ընթացքում չեն ապացուցվել նրանց վերագրվող գործողությունները: Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանում Կարմիր Խաչի գործունեության դադարեցումից հետո նրանց իշխանությունները փորձում են ցույց տալ օմբուդսմենի աշխատանքի արդյունավետությունը հայ գերիների իրավունքների պահպանման համատեքստում ՝ որպես Կարմիր Խաչին այլընտրանք: ԶԼՄ-ներում հրապարակվում են լուսանկարներ, որոնք, իբր, վկայում են Ադրբեջանում հումանիտար նորմերի պահպանման մասին։ "Մենք չենք կիսում այդ մոտեցումը և մեր միջազգային գործընկերներին տեղեկացրել ենք, որ Ադրբեջանում օմբուդսմենի ինստիտուտն անկախ չէ, և նրա կողմից հայ գերիներին ցուցաբերված աջակցությունը չի կարող բավարար համարվել", - ընդգծել է կենտրոնի ղեկավարը:
Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի վերջին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հաջողվել է կազմակերպել ներկայացուցիչների այց Կարմիր Խաչի Ժնևի գրասենյակ։ Նշելով, որ դա եղել է մեկանգամյա այց, իրավապաշտպանը չի բացառել դրա կրկնությունը՝ նոր պայմանավորվածությունների հասնելու դեպքում: Ըստ Սահակյանի, այցը դրական հոգեբանական ազդեցություն է գործել գերիների ու նրանց ընտանիքների նկատմամբ։ Մասնավորապես, ընտանիքներին հանձնվել են նամակներ և տեսաուղերձներ։
Իրավապաշտպանն առանձին անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի շուրջ ստեղծված իրավիճակին, նշելով, որ գործընթացները ձգձգելու միտում կա: Այդ առնչությամբ նա պատմել է, որ դեկտեմբերի 27-ի նիստը, որտեղ Վարդանյանին պետք է տրվեր վերջին խոսքի իրավունք, հետաձգվել է, իբր, գոյություն ունեցող մի շարք հանգամանքների առնչությամբ: Գործընթացի ձգձգման պատճառները իրավապաշտպանը դժվարացել է նշել, սակայն հաղորդել է, որ Վարդանյանի մեկուսացումն արտաքին աշխարհից ուժեղացել է: Եթե նախկինում նրան հնարավորություն էր տրվում շաբաթը մեկ անգամ հեռախոսով խոսել հարազատների հետ, ապա այժմ նման հնարավորություն չկա։