


Արմինֆո.Օգոստոսի 21-ին Ղազախստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինը:
Ինչպես հաղորդում է Zakon.kz-ը, հանդիպման ընթացքում Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն դեսպանի հետ քննարկել է ղազախաբելառուսական համագործակցության արդիական հարցեր՝ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում:
"Մասնավորապես, նախարարն ընդգծել է, որ Ղազախստանը վարում է հավասարակշռված և խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան։ Մեր երկիրը համոզված է, որ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով", - ասվում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Գերատեսչությունում հավելել են, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում երկրի ղեկավարի մշակած արտաքին քաղաքական գիծն ապացուցել է իր արդյունավետությունը։ Այդ առնչությամբ նախարարը բելառուսական կողմին կոչ է արել օբյեկտիվորեն գնահատել Աստանայի դիրքորոշումը տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն "Ռոսիա" հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ "հետխորհրդային որոշ երկրներ ձգտում են օգուտ ստանալ Ռուսաստանից ՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով": Սակայն, ըստ նրա, արտակարգ իրավիճակներում հետխորհրդային երկրները կրկին կդիմեն Ռուսաստանի և Բելառուսի օգնությանը: "Ո՞վ է սպասում Ղազախստանի կամ Ուզբեկստանի ապրանքներին Ամերիկայում կամ ԵՄ-ում։ Դե, նրանք կվերցնեն 2 միլիոնի ապրանք, իսկ մնացածը ու՞ր են տանելու։ Ավելցուկը ձգտում են վաճառել Ռուսաստանին։ Մենք ընդհանուր շուկա ունենք, եւ այն կորցնելը նպատակահարմար չէ", - հավելել Է Լուկաշենկոն ՝ կոչ անելով միասին լինել այս բարդ ժամանակներում։



