


Արմինֆո.Ախալցխայի մարդա բնակավայրի Հայ Առաքելական Եկեղեցու տաճարից հանել են սրբապատկերները եւ դրել աղբամանի կողքին։ Ինչպես հաղորդում է «Գրուզիա-օնլայն»-ը, փաստի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ կրոնական ծիսակատարությանն ապօրինի խոչընդոտելը: Հաղորդվում է, որ այս տաճարը երկար տարիներ վեճի առարկա է եղել Ուղղափառ և Հայ առաքելական թեմերի միջև, եւ այնտեղ այլևս պատարագներ չեն մատուցվում: Հայ Առաքելական Եկեղեցու վանահայր Հակոբ Սահակյանը պատմել է, որ չգիտի, թե ով և ինչու է սրբապատկերները հանել տաճարից: "Երեկոյան ես նույնպես այնտեղ էի։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել ուշ գիշերը, ժամը երկուսից հետո: Ամեն ինչ դուրս է բերվել՝ սրբապատկերներ և այլ իրեր։ Այս ամենի վրա աղբ էր լցված։ Սրբապատկերները շատ վատ վիճակում էին։ Մենք ամեն ինչ հետ բերեցինք և տեղավորեցինք։ Մենք չգիտենք, թե ով է դա արել: Նորմալ մարդն այդպես չէր վարվի", - ասել է նա։
Դատելով ըստ ամենայնի՝ խոսքն Ախալցխայի Սուրբ Վարդանանց (Սուրբ Նշան) եկեղեցու մասին է, որը գտնվում է քաղաքի Մարդա (Մարտա) շրջանում՝ բլրի զառիթափ լանջին: Այն տարածքը, որտեղ կառուցվել է Սուրբ Նշան եկեղեցին՝ 1829-1830 թվականներին, Կարինից Ախալցխա տեղափոխված հայերն անվանել են Սուրբ Նշան՝ ի հիշատակ իրենց նախկին գյուղի մոտ գտնվող Սուրբ լեռան: Եկեղեցու պատկանելության շուրջ վեճը սկսվել է 1989 թվականից ։



