


Արմինֆո.Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը վանդալիզմ է անվանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքները։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով հաստատող լուսանկարներ՝ նա ընդգծել է, որ հանրապետական նշանակության հուշարձաններն այդպես չեն վերականգնում։
«Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ բառի բուն իմաստով աղավաղել են հուշարձանը, անդառնալի վնաս են հասցրել դրա ճարտարապետական հեղինակային հայեցակարգին և քարե շարվածքին»,- գրել է նա՝ նկատելով, որ խախտվել է քարերի գունային համապատասխանությունը, երևում են անորակ կարեր։ Պատգամավորը սա անվանել է միջոցների վատնում և անպրոֆեսիոնալիզմի դրսևորում, ինչպես և շատ այլ ոլորտներում։
«Սա հանցագործություն է՝ գոռոզ տգիտության և գռեհիկ պոպուլիզմի հետևանք։ Ինչպե՞ս կարելի էր այսպես աղավաղել համահայկական այս սրբատեղին, ճարտարապետական գոհարը։ Ինչին դիպչում են՝ ամենուր աղետ է»,- ընդգծել է Գալստյանը։



