


Արմինֆո. Հայաստանում կարգելվի սահմանադրական կարգի բռնի տապալմանն ուղղված, բռնություն և դաժանություն քարոզող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը արտասահմանյան հեռուստառադիոծրագրերում: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է "Տեսալսողական ԶԼՄ-ների մասին" օրենքում կատարված փոփոխությունները:
Մասնավորապես, ինչպես հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նախագծում հստակեցվում են ցանցերի օպերատորների համար լիցենզիաների կասեցման և չեղարկման կիրառման իրավական հիմքերը, չափանիշներն ու մեխանիզմները: Վերանայվել և խմբագրվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը ներկայացվող պահանջները: Լրացումներ և փոփոխություններ են կատարվել տուգանքների բաժնում, մասնավորապես, օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերում: Ավելացվել է նոր հոդված, որը կարգավորում է ցանցի օպերատորի լիցենզիայի կասեցման և չեղարկման կարգը: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կբարելավվեն տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները, կբարձրանա օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը:
Նախարարը նշել է, որ նախագծի ընդունումը կկանխի ոչ միանշանակ մեկնաբանությունները և կանխատեսելի իրավական միջավայր կապահովի ոլորտում աշխատող սուբյեկտների համար: Կսահմանվեն հավասար մրցակցային պայմաններ, որոնք կապահովեն արդար մրցակցություն, կբացառեն մենաշնորհային դիրքի չարաշահումները և կնվազեցնեն շուկայում անհավասար պայմանների ստեղծման ռիսկերը:
"Միևնույն ժամանակ, փոփոխություններն ուղղված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը, ինչը թույլ կտա կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության խոսքի և այլ վնասակար բովանդակության տարածումը", - նշել է նախարարը:
Նախատեսվում է, որ կստեղծվեն տեղեկատվության պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան կանխել արտաքին ազդեցությունը Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա ՝ ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան հսկողություն և վերահսկողություն:



